2012 թ-ի ապրիլի 26-ին ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնում անցկացրեց  «ՀՀ ֆինանսաբանկային համակարգում աշխատել ցանկացող անձանց իրազեկվածության բարձրացում» թեմայով հանդիպում:
Հանդիպման նպատակն էր բարձրացնել ԵՊՀ ավարտական կուրսերի այն ուսանողների եւ շրջանավարտների իրազեկվածության մակարդակը, ովքեր ցանկանում են աշխատել ՀՀ ֆինանսաբանկային համակարգում, պարզել նրանց գիտելիքների համապատասխանությունը գործատուների չափանիշներին:
Հանդիպումը վարում էին «Ֆինանսաբանկային քոլեջե հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը եւ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության հետազոտող Վաչե Ղազարյանը: Վերջիններս ներկայացրին ՀՀ ֆինանսաբանկային համակարգը, այն նվազագույն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են այդ համակարգում աշխատելու համար, ուսանողներին իրազեկեցին նաեւ հիմնադրամի Շարունակական կրթության եւ հետազոտական կենտրոնի կողմից պարբերաբար իրականացվող վերապատրաստման դասընթացների մասին, որոնք աշխատել ցանկացողներին առավել մրցունակ լինելու եւ գործատուների պահանջներին համապատասխանելու հնարավորություններ կտան: